Ասում են` ռուսն այսօր մեզ չի օգնում որպես դաշնակցի, որովհետև Հայաստանում իշխանությունը սորոսականների ձեռքում է: Որպեսզի արդարացնեն իրենց չօգնելը սովետական շարքային Իվանի մոտ, որն առանց այդ էլ շատ բաներում ճիշտ չի կողմնորոշվում, սկսում են գործողության մեջ դնել այն տեսահոլովակները, որտեղ դեռ իշխանության չեկած անբարո վաստակները ինչ կարգի հայհոյանքներ և լկտի խոսքեր ասես, որ չեն ասում ռուսների, անգամ երկրի Տիրակալի հասցեին:
Ես լավ եմ հասկանում քաղաքականությունը, լավ եմ հասկանում նաև Տիրակալի հոգեբանությունը, որին ամենևին էլ չի կարելի բնութագրել անբարո սորոսականների սուտ ելույթներով և ոչ էլ երկրի քաղաքականապես խակ կառավարողի ինչ-որ ժամանակ ունեցած դիրքորոշումով: Հասկանալի է, որ Տիրակալը չէր կարող ներել մեկին, որը նրա ոխերիմ թշնամուն հրավիրում է հայկական հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալու: Հասկանալի է նաև Տիրակալի զայրույթը, երբ նրա անձնական խնդրանքը՝ չկալանավորել Քոչարյանին, ցուցադրաբար մերժվեց: Չգիտեմ ուրիշներն ինչպես, բայց ես անձամբ կարծում եմ, որ մերժումը իսկ և իսկ նման էր ոչ որպես պետական այրի հիմնավոր և պատճառաբանված խոսքի, այլ իսկ և իսկ փողոցային գյադայական կամքի դրսևորման: Այդ բոլորն ընդունում և միանում եմ ռուսական կողմին: Ես էլ եմ դատապարտում և կարող եմ հաստատ ասել, որ իմ խոսքին կմիանան հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդիկ:
Ես՝ որպես հայ մարդ, համոզված եմ, որ ռուսական հետախուզությունը գիտեր թուրք-ադրբեջանական «հանկարծակի» հարձակման մասին և Տիրակալին զեկուցվել էր: Հիմնավորեմ: Այդ ինչպես 2016 թվականին Տիրակալն անձամբ ասաց Էրդողանին` փախիր, քեզ սատկացնելու են: Եվ հանկարծ չգիտեր սեպտեմբերի 27-ի հարձակման մասին:
Ցանկացած անհատի, այդ թվում նաև տիրակալներին խորթ չէ անձնական վրեժը տեսնել իրականություն դարձած: Այստեղ մեծ Տիրակալին կուզենայի պատասխանել պարսիկ մեծ բանաստեղծի հայտնի քառյակի խոսքերով` ուղղված Աստծուն, ըստ Ավ. Իսահակյանի.
-Թե վատ անեմ, թե վատ խոսեմ,
Դու էլ ինձ վատ պատիժ տաս,
ՈՒրեմն ինչն է իմ ու Քո մեջ
Տարբերությունը, Աստված իմ:
Ասել է` մի՞թե վայել է մեծ Տիրակալին իջնել իր բարձունքից և հավասարվել մի քաղաքական խեղկատակի հետ: Բայց պատմության իմացությունը և այն վերլուծելու կարողությունն ինձ հուշում է այլ բան: Սորոսականներն ու նրանց պարագլուխը լավ առիթ են ստեղծված իրավիճակում Հայաստանին ռազմական օգնություն չցուցաբերելու համար:
Երկու դարից ավելի հայերն ապացուցել են ռուսներին իրենց հավատարմությունը` սկսած ցարերից մինչև հայրենական մեծ պատերազմը: Բայց հանուն ճշմարտության ասեմ նաև, որ տեսել են ռուս կառավարողների վերաբերմունքը: Եթե այսօր սորոսական վիժվածքները Հայաստանում ինչ-որ առումով հաջողության են հասել, ապա դա ամենևին էլ ռուս քաղաքական գործիչների պրոհայկականության վրա խաղալու արդյունքը չի եղել: Ռուսների մոտ միշտ էլ դոմինանտ է եղել այն մտայնությունը, թե` միևնույն է, հայերը այլընտրանք չունեն:
Հարյուր տարի առաջ կործանվող Թուրքիային փրկօղակ նետեց Խորհրդային Ռուսաստանը, կարծելով, թե Աթաթուրքը իսկական հեղափոխական է և արևելքի մուսուլմաններին դեպի հեղափոխություն կբերի: Հավատքն առ Աթաթուրք ծանր նստեց հայ ժողովրդի վրա և այդ լենինյան հիմար քաղաքականության հետևանք է այսօրվա հայ-ադրբեջանական պատերազմը:
Լենինից հետո մեկ անգամ չէ, որ խորհրդային կառավարողները գիտությամբ թե անգիտությամբ նույն գետն են մտնում` վարում են նույն քաղաքականությունը:
Միայն Ստալինն է ասել, որ թուրքերը մեզ խաբել են և պետք է վերադարձնեն այդ տարածքները: Բոլոր ռուս կառավարողներն էլ համոզված են եղել, որ եթե նպաստեն Թուրքիայի տնտեսության զարգացմանը և նրան տնտեսապես կապեն Ռուսաստանի հետ, ապա վերջինս այլընտրանք չի ունենա բացի Ռուսաստանից: Բոլորին է հայտնի, թե ինչը փրկեց Թուրքիային ԽՍՀՄ-ի վրա չհարձակվելուց: Եվ թուրքին է հայտնի, թե ինչը փրկեց Թուրքիային ԽՍՀՄ-ի հարձակումից: Կարծես հարյուր տարի Ռուսաստանի քաղաքական գործիչները հեռու են պատմական փաստերը համադրելու, վերլուծելու և ճշմարիտ մտահանգման գալու: Թուրքիայի հարցում նույն, անհիմն, չպատճառաբանված պրոթուրքական քաղաքականությունն է վարում ՌԴ ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը: Նա լենինյան թուրքահաճո քաղաքականության մոնումենտալ գործիչն է Ռուսաստանում: Եթե Պուտինը մտածում է, որ ինքը Լենինից ավելի խելոք է, իսկ Էրդողանն էլ` Աթաթուրքից հիմար, և իրեն կհաջողվի տնտեսական կապերի շնորհիվ Թուրքիան կապել Ռուսաստանի հետ, ապա չարաչար սխալվում է և հաճախ կրկնվող սխալների արդյունքում երբեմն ատամներն է կրճտացնում ու նկատելի սպառնում, թե հարցը միայն պոմիդորների սանկցիայով չի վերջանա: Ընդամենը մի պահ, և խորամանկ Էրդողանը կարողանում է (կոպիտ չհնչելու համար փորձում եմ հնարավոր մեղմ բառը գտնել, չեմ կարողանում) «ֆռացնել» Պուտինին: Միայն մի բան կարող եմ ասել, որ Պուտինը վատ գիտի ռուս-թուրքական թշնամանքի դարավոր պատմությունը: Պուտինը մոռանում է կամ ավելի ճիշտ չի կարողանում հասկանալ, որ Թուրքիան ունի բոլոր հիմքերը ատելու Ռուսաստանին, քանզի Ռուսաստանը նրանից խլել է Ղրիմը, սևծովյան ափերը, Անդրկովկասը, Բալկանները ու այս ամենով հանդերձ չի հանձնում Ասադին: Որպեսզի խոսքս լինի ավելի համոզիչ, հիշեմ Մաքիավելու խոսքը. «Որդիները կարող են մոռանալ իրենց հորը սպանողին, բայց երբեք չեն կարող մոռանալ իրենց հայրական կալվածքը գողացողին»:
Թուրքերն այսօր փոքր-ինչ հզորանալով, արդեն խոսում են իրենց պապենական ունեցվածքի, ավելի ճիշտ իրենցից գողացվածի մասին: Վլադիմիր Սոլովյովը միշտ անկեղծորեն ասում է` Թուրքիան թքած ունի Մոլդովայի, ՈՒկրաինայի վրա, բայց զսպում է իրեն, որ չասի` ի վերջո Թուրքիան թքած ունի Ռուսաստանի վրա:
Ռուսաստանը Էրդողանի համաձայնությամբ կառուցեց թուրքական հոսքը և ստացավ, ներողություն, երեք մատի կոմբինացիա: Այսօր Թուրքիան բացահայտ մարտահրավեր է նետել ոչ միայն քրիստոնյա աշխարհին, այլև նախկինում թուրքական լծից դարեր շարունակ տառապած, ներկայումս աշխարհիկ դարձած արաբական տարբեր երկրների: Քրիստոնյա եվրոպական բազում երկրներ այսօր ավելի շատ գեյապաշտությամբ, սուտ դեմոկրատիայով, մարդու իրավունքով են զբաղված, քան …
Ասածիս վառ ապացույցն է Նավալնին: Մի վիժվածքի համար Եվրոպան մտմտում է սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, բայց դեմ է քվեարկում մի տեռորիստ պետության դեմ սանկցիաներ կիրառելուն, որովհետև ոմանք Եվրոպայում սիրով ակնկալում են, որ Թուրքիայի միջոցով կարելի է արջի կաշին քերթել: Ինչպիսի՜ հիմարություն:
Նույն արջը, ձմեռային քուն մտած, մտածում է` ինչպես թուրքին իրեն եղբայր դարձնի, մոռանալով, որ Թուրքիայի համար աշխարհում թիվ մեկ թշնամին արջն է: Տեսեք, թե ուր է հասել ռուսական աչքակապությունը: Երբ թուրքը Սուրբ տաճարը մզկիթ դարձրեց, Ռուսաստանի մամուլի խոսնակը հումորի տվեց, ասելով, թե ռուս տուրիստները Սուրբ տաճար մտնելու համար այլևս չեն վճարի: Ի՜նչ անուն տաս պետական այդ այրին, որը հումորի է վերածում ուղղափառ եկեղեցու սրբություններից մեկը, երբ թուրքն այն մզկիթի է վերածում: Այսօր կարծես աշխարհը հիշեցնում է 1938 թվականի Մյունխենը: Անգլիան և Ֆրանսիան Մյունխենում աճուրդի հանեցին Չեխիան:
Այսօր թուրք Հիտլերից վախենում են բոլորը, այդ թվում նաև մեզ հուսալի թվացող հարևանները՝ Ռուսաստանն ու Իրանը: Բանը հասել է այնտեղ, որ Իրանը ակնարկում է ղարաբաղյան հարցի կարգավորումներում ներգրավել նաև Թուրքիային: Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ ինքը պարտավորություն ունի միայն Հայաստանի նկատմամբ: Ընդունենք դուք ճիշտ եք, պարոն Պուտին: Բայց այստեղ թույլ տվեք հարցնեմ. երբ քո սահմանների մոտ բնավորվում է ՆԱՏՕ-ն ահաբեկիչների հսկայական բանակով, ի՞նչ գնահատական կտաս նրանց պարագլխին՝ Թուրքիային: Այսօր Պուտինն ավելի քան երջանիկ է, մտածելով, որ ՆԱՏՕ-ն կանգնած է փլուզման եզրին, և Թուրքիան սիրով կգա դեպի Ռուսաստան, իհարկե Ռուսաստանի կողմից համապատասխան զիջման դիմաց: Թե որը կլինի այդ զիջման գինը, պարզից էլ պարզ է:
Եթե Պարսկաստանն ու Ռուսաստանը իրենց տանը զոհի մնջախաղ են խաղում և աչքի տակով նայում են մեզ, ապա ինչու մենք էլ մեր խաղը չխաղանք, չբանակցենք թուրքի հետ, նրան զիջելով Մեղրին դեպի ծով ելքի և Ղարաբաղի դիմաց: Այդ միտքը ֆբ-ում գրելու համար ինձ ֆեյսբուքը զրկել է մեկ ամիս հանդես գալու իրավունքից: Իբր ես քարոզում եմ պատերազմ և վիրավորում թուրք ազգին: Բայց ֆբ-ն լռում է, երբ Ադրբեջանի նախագահը հայերին համեմատում է շների հետ, որին հիանալի է պատասխանել ռուս փորձագետ Ժիլինը, ասելով, որ դու շատ հեռու ես այդ շներին հասնելուց, նրանք շատ ազնվագույն կենդանիներ են: Զիջենք Մեղրին, թող թուրքը մտնի Ադրբեջան և այնտեղից իրականացնի իր դարավոր երազանքը՝ Մեծ Թուրանի գաղափարը: Թող մասնատվի Իրանը, Թուրքիան թող ստեղծի 200-միլիոնանոց թուրքական բանակ և գրկախառնվի իրեն միշտ յոլդաշ հորջորջող Պուտինի հետ: Եթե մենք ելք ենք ունենում դեպի ծով, այդ դեպքում ռուսական 102-րդ ռազմաբազայի կարիքը բնավ չունենք: Թող թուրքերը, պարսիկները (չեմ ասում իրանցիները) և ռուսները Կասպից ծովում, Հյուսիսային Կովկասում, Թուրքեստանի երկրներում, նաև հեռավոր Յակուտիայում, ինչպես նաև հյուսիսային Իրանում պարզեն իրենց հաշիվները, որից հետո հզորացած կանգնեն Չինաստանի սահմանի մոտ և ասեն`ույղուր եղբայրներ, մենք եկել ենք: Իսկ Բալկաններում գտնվող մի քանի միլիոն քաջարի մուսուլմանների կուղարկեն Եվրոպայում կայուն ամրացած իրենց իսլամ եղբայրներին ազատագրելու անօրեն քրիստոնյաներից:
Հուսով եմ` «Իրատեսի» խելամիտ ընթերցողը լրջորեն չընդունեց այս «ծրագիրը», ինչպես ամենագետ ու մեր թշնամիների նկատմամբ խիստ պատվախնդիր «ֆեյսբուքը»։ Ես ընդամենը ցանկացա մեկ անգամ ևս շեշտել, թե ինչպիսի անհեթեթ մտքեր կարող է ծնել մեր ռազմավարական դաշնակցի անհեռատես քաղաքականությունը հայերիս հանդեպ։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. 1 Երբ հոդվածը վերջացրել էի, հանկարծ իմացա, որ 2021 թվականի պետբյուջեում 19 միլիարդ դրամ է նախատեսված պարգևավճարների համար: Նորերը քննադատում են հներին երկրի, բանակի բյուջեն լափելու մեջ: Հավերժ անեծք թալանողների գերդաստաններին: Բայց ի՜նչ ասես մեր օրերի կառավարողներին, որոնք իրենց լափամանի եղածը հանկարծ չպակասելու համար 19 միլիարդ դրամով ավելացնում են 2021 թվականի պարգևավճարների գումարի չափը: Այսօր իմ համագյուղացին, և ինչու միայն իմ, համարյա ոչինչ չստանալով իր հողին հանձնած քրտինքի ակնկալիքից` ծաղկակաղամբը կիլոգրամը 40 դրամ, խաղողը` 80, բադրիջանը` եղած-չեղածը թափում է, ինչպես ժողովուրդն է ասում` շան մսի գնով ու ոչ մի կերպ չի կարողանում մուծել հարկերը, բայց հանուն բանակի իր վերջին կոպեկը չէ, դրամն է տալիս, այն էլ անտրտունջ: Մեր գյուղը` Այգեստանը, հանուն այդ ֆոնդի հավաքել և մուծել է ութ հարյուր հազար դրամ, չհաշված այն ընթացիկ օգնությունները, որ ուղարկել է ճակատ: Չորս ավտոմեքենա, յուրաքանչյուրը մինիմում 3 միլիոն դրամի սնունդ, ծխախոտ, սուրճ և այլ ապրանքներ բարձած: Ի՜նչ անուն տաս այդ «դարմաեդներին», որոնք կոյաբզեզի նման միայն սեփական կոյն են առաջ տանում: Ասեք, պարոնայք կոյաբզեզներ, դուք ինչո՞վ եք տարբերվում «նախկին թալանչիներից»: Հավատացե՛ք, դուք ձեր վարքագծով թեթևացնում եք նախկիններին ուղղված ժողովրդական ցասումով լցված անեծքի չափաբաժինը: Հավատացե՛ք, Տերը ձեզ չի ների: Ձեր վարքագիծը կարելի է բնութագրել` խրախճանք ժանտախտի պահին: Անգամ այս պայմաններում մենք հաղթելու ենք:
Ո՛չ մի անբարոյական չի կարողանա խաթարել մեր ազգի միասնությունը:
Հ.Գ. 2 Միշտ էլ համոզված եմ եղել, այսօր առավել ևս, որ շատ քաղաքական, պետական գործիչներ վատ գիտեն իրենց անցյալի պատմությունը: Ընդամենը ոչ հեռու անցյալից: 1918-ին Սարդարապատի ճակատամարտից հետո թուրք Վեհիբ փաշան ասել է` հերիֆները գեշ կկռվեին: Այսօր այն հերիֆների հերիֆ թոռները ոչ թե գեշ են կռվում, այլ լացացնում են թուրքի մորը և ապացուցում աշխարհին, որ հայ զինվորը աշխարհի լավագույն մարտիկն է: Հավերժ փառք հայ զինվորին: